Թոքերում մետաստազները բուժելու համար գիտնականները բիոհիբրիդային միկրոռոբոտ են ստեղծել  

16 հունիսի, 2024  08:29

 Ուռուցքները, որոնք տարածվում են թոքերում, կամ թոքերում մետաստազները լուրջ խնդիր են քաղցկեղի բուժման ոլորտում: Ավանդական քիմիաթերապիան հաճախ անարդյունավետ է: Այն ուղղակիորեն չի ազդում թոքերի վրա և չի կուտակվում ուռուցքը ոչնչացնելու համար բավարար կոնցենտրացիաներում:

Վանգի լաբորատորիայի և Սան Դիեգոյում Կալիֆոռնիայի համալսարանի Չժանի հետազոտական ​​խմբի գիտնականները վերջին հինգ տարին անցկացրել են բիոհիբրիդային միկրոռոբոտների ստեղծման վրա՝ բնական և սինթետիկ նյութերից պատրաստված փոքրիկ առարկաների, որոնք կարող են օգտագործվել բժշկության մեջ:

Հետազոտողներն իրենց դիտարկումները հրապարակել են The Conversation պարբերականում:

Նոր հետազոտության ընթացքում գիտնականները կանաչ միկրոջրիմուռների հիման վրա ստեղծել են բիոհիբրիդային միկրոռոբոտ, որը կարող է քիմիաթերապիան ուղղակիորեն հասցնել թոքեր և բուժել թոքերի մետաստազները:

Սինթետիկ միկրոռոբոտները սովորաբար ստեղծվում են կոշտ մետաղական կամ պոլիմերային կառուցվածքներից, որոնց պատրաստումը դժվար է: Դրանք չեն կարող մուտք գործել որոշակի օրգաններ և հյուսվածքներ և կարող են թունավոր լինել մարդկանց համար: Միկրոջրիմուռները լուծում են այս խնդիրները: Նախ, միկրոջրիմուռները կարող են ինքնուրույն շարժվել՝ օգտագործելով մազի նման ելուստները այնպիսի օրգաններում, ինչպիսին թոքերն են, տեղաշարժվելու համար։ Դրանք ավելի նվազ թունավոր են, քան մյուս միկրոօրգանիզմները: Բացի այդ դրանց արտադրումն ավելի էժան և դյուրին է:

Algae—NP (DOX) կոչված բիոհիբրիդային միկրոռոբոտը ներառում է դեղագործության մեջ սովորաբար օգտագործվող մանրագույն կենդանի Chlamydomonas reinhardtii կանաչ միկրոջրիմուռը՝ էրիթրոցիտների թաղանթներով պատված նանոմասնիկներով: Բջջային թաղանթները գործում են որպես բնական «քողարկում», որը մեծացնում է միկրոռոբոտների կենսահամատեղելիությունը և պաշտպանում դրանք հիվանդի իմունային համակարգի հարձակումներից: Նանոմասնիկների ներսում գտնվում է  քիմիաթերապիայում լայնորեն օգտագործվող դոքսորուբիցին դեղամիջոցը:

Գիտնականները ջրիմուռների վրա հիմնված միկրոռոբոտները փորձարկել են թոքերի մետաստազներով մկների վրա: Այս ջրիմուռների վրա հիմնված միկրոռոբոտները շնչափողի միջով անցկացնելով՝ նրանք կարողացել են դեղամիջոցը հասցնել անմիջապես թոքեր և նվազագույնի հասցնել կողմնակի ազդեցությունները այլ օրգանների վրա:

Թոքերում հայտնվելով՝ ջրիմուռների վրա հիմնված միկրոռոբոտը կարող է լողալ և դեղամիջոցը տարածել թոքերի հյուսվածքում: Այն նաև կարող է խուսափել թոքերի իմունային բջիջների կողմից ոչնչացումից, ինչը հնարավորություն կտա դեղամիջոցին աստիճանաբար արտազատվել նանոմասնիկներից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում